Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀՀ սփյուռքի նախարարը պարգեւներ հանձնեց սփյուռքահայ մանկավարժներին

Дата: 12.10.2009

Հոկտեմբերի 4-ին տոնվեց Ուսուցչի օրը եւ պետականորեն նշվող այս տոնին անմասն չմնացին նաեւ սփյուռքահայ ուսուցիչները: ՀՀ սփյուռքի նախարարությունը ըստ տարածաշրջանների ամփոփել եւ ՀՀ վարչապետի հուշամեդալին, ՀՀ վարչապետի շնորհակալագրին եւ ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրին էր ներկայացրել տասնյակ սփյուռքահայ ուսուցիչների, որոնք իրենց նվիրել են հայությանը, հայապահպանությանը, երիտասարդներին: Այս օրերին Հայաստանում են գտնվում մի քանի երկրներից ժամանած սփյուռքահայ աշակերտներ եւ ուսուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպած Հայաստանի եւ սփյուռքյան դպրոցների մանկավարժների ու աշակերտների փոխադարձ այցելությունների նպատակը մեկն է` երկուստեք ծանոթանալ ուսումնական ծրագրերին, ստեղծել քույր դպրոցներ, որոնց կայուն հարաբերությունները Սփյուռքի համայնքներում ուծացման դեմ պայքարի մի յուրօրինակ միջոց կլինեն:
Արգենտինայի Մխիթարյան վարժարանի 26 սաները` իրենց պարուսույցի եւ դպրոցի հայերենի բաժնի տնօրեն, պրոֆեսոր Ադրիանա Շուպարալյանի հետ, ինչպես նաեւ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գալստյան վարժարանի սաները` տնօրեն Քայլար Միքայելյանի հետ, հոկտեմբերի սկզբից գտնվում են Հայաստանում: Այս օրերին նրանք հասցրել են լինել Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրերում, հիանալ, հպարտանալ իրենց Հայրենիքով:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց երկու մանկավարժների` Ադրիանա Շուպարալյանին եւ Քայլար Միքայելյանին, եւ նրանց հանձնեց ՀՀ վարչապետի հուշամեդալները` հայ ինքնության, ազգային լեզվամտածողության պահպանման եւ սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Նա իր գոհունակությունը հայտնեց մանկավարժներին` համայնքներում հայապահպանության գործում կատարած մեծածավալ աշխատանքների համար:
Շնորհակալություն հայտնելով նման աննախադեպ ուշադրության եւ հոգածության համար, որով շրջապատել էր իրենց ՀՀ սփյուռքի նախարարությունը, սփյուռքահայ մանկավարժները կարեւորեցին, որ չնայած բազմիցս են եկել Հայրենիք, սակայն առաջին անգամ են թիկունքում զգում նախարարության գոյությունը, որն ի զորու է աշխատել իրենց հետ: