Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը եւ կատարած աշխատանքները տպավորիչ են՚,- փաստում է Մարտին Եսայանը

Дата: 12.10.2009

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՙԳալուստ Գյուլբենկյան՚ հիմնարկության (Լոնդոն) տնօրենների ժողովի եւ հիմնարկության հայկական ծառայությունների բաժանմունքի պատվիրակությանը: Այն գլխավորում էին լոնդոնյան գրասենյակի տեսուչ, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայ համայնքների բաժանմունքի ղեկավար, մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանը և հայկական բաժանմունքի ղեկավար Զավեն Եկավյանը:

Տիկին նախարարը նշեց, որ Գ.Գյուլբենկյանը եւ նրա ստեղծած հիմնարկությունն իր բարեգործությամբ ներկա է Սփյուռքի շատ համայնքներում եւ Հայրենիքում: Տեղեկացնելով, որ 2010թ. ՀՀ սփյուռքի նախարարությունը ՙՄեր մեծերը՚ խորագրով ծրագրի շրջանակներում նախատեսել է իրականացնել Գ.Գյուլբենկյանին նվիրված միջոցառումներ` Հ.Հակոբյանը հավելեց նաեւ, որ, երեւանյան դպրոցներից մեկը կանվանակոչվի մեծ բարերարի անունով:

Տիկին Հակոբյանն ընդգծեց, որ նախարարությունը մտադիր է մեծ բարերարի կյանքն ու գործունեությունը, նրա գործը ժառանգած շառավիղներին ներկայացնող վավերագրական ֆիլմ նկարահանել: ՙՓոքր ներդրումով շատ մեծ արդյունք կունենանք՚,- նշեց նա` ավելացնելով, որ այն կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, խտասալիկներով կառաքվի Սփյուռքի դպրոցներ եւ կանցկացվեն ՙԳ.Գյուլբենկյանի՚ դասեր: Նշենք, որ Գյուլբենկյանները, Նուբարները եւ Եսայաննները մեկ ընտանիքի շառավիղներ են:

Տիկին Հակոբյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը: Անդրադառնալով Սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբման եւ համաժողովների անցկացման, մասնագիտական համահայկական ցանցերի ձեւավորման միջոցով այն  ի շահ համայն հայության օգտագործելուն ուղղված ծրագրերին` արձանագրեց սեպտեմբերի 19-21-ն անցկացված իրավաբանների համահայկական 1-ին համաժողովի արդյունքները: Նախարարը Մ.Եսայանին առաջարկեց մասնակցել իրավաբանների համահայկական ընկերակցության օտարերկրյա պետություններում հայ ունեցվածքի իրավական ձեւակերպման աշխատանքներին` ներգրավելով նաեւ օտարերկրացի հեղինակավոր իրավաբաններին:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց նաեւ գերատեսչության հայադարձության եւ հայրենադարձության ծրագրերը` նշելով, որ ՙԱրի տուն՚ ծրագրով շուրջ 20 երկրից Հայրենիք է այցելել 300-ից ավելի սփյուռքահայ երիտասարդ, իսկ Հայաստանում գործնական աշխատանքի կազմակերպման ծրագրով` շուրջ 50 սփյուռքահայ ուսանող: Վերջին ծրագիրը նախատեսվում է շարունակել Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ: Ներկայացվեցին նաեւ նախարարության եւ ՀՀ ԳԱԱ գրականության, պատմության եւ արվեստի ինստիտուտների կողմից իրականացվող  համատեղ ծրագրերը, Երեւանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի աշխատանքը: Փաստելով, որ ՙհայոց պատմությունը կերտվում է ոչ միայն Հայաստանում՚, տիկին նախարարը կարեւորեց հայ համայնքների պատմության ուսումնասիրությունը, հայագիտական մասնագիտություններով կադրերի պատրաստումը: Տիկին Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ սփյուռքի նախարարության օրակարգում է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի Երեւանի հուշահամալիրի հարակից տարածքում կազմակերպել բացօթյա թանգարան աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրված շուրջ 190 հուշարձանների մանրակերտներով, ինչպես նաեւ հրատարակել ալբոմ դրանց լուսանկարներով:  Կարեւորվեց նաեւ հայ բարերարների ճեմուղու կառուցումը:

Մ.Եսայանը հավաստեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության ինչպես ծրագրերը, այնպես էլ կատարած աշխատանքները տպավորիչ են, ունեն լայն ընդգրկում եւ նպաստում են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Զ.Եկավյանն էլ ընդգծեց, որ ՙպետք է կարողանանք միասին լուծել այս բոլոր հարցերը՚:

ՙԳալուստ Գյուլբենկյան՚ հիմնարկության պատվիրակության անդամները մեծ հետաքրքրությամբ տեղեկացան ՀՀ սփյուռքի նախարարության ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային թերթի եւ դրա բաժինների աշխատանքին, տեսակոնֆերանսային կապով ասուլիսներ եւ կոնֆերանսներ անցկացնելու արդեն կիրառված հնարավորություններին: