Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը սկսեց աշխատանքը

Дата: 20.09.2009

Հոկտեմբերի 19-ի առավոտյան ՀՀ կառավարության նիստերի դահլիճում շուրջ 60 սփյուռքահայ եւ 100 հայաստանցի իրավաբանների մասնակցությամբ աշխատանքը սկսեց ՙՀայ իրավական միտքը եւ 21-րդ դարի մարտահրավերները՚ խորագիրը կրող իրավաբանների համահայկական առաջին համաժողովը: ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողովի բացմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, պետական կառավարման կառույցների ղեկավարներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար, իրավագիտության դոկտոր Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ համաժողովը միջազգային իրավունքի շրջանակներում`իր ներդրումը կունենա Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում ի նպաստ հայ ազգի միասնության եւ ի փառս Հայրենիքի:  Հիշատակելով հայ իրավական մտքի զարգացման 4 հազարամյա պատմությունը եւ ժամանակակից աշխարհում դրանց արժեքը, տիկին նախարարն ընդգծեց, որ մեր ժամամանկների հայ իրավագիտական միտքը սփռված է ՙմեր ճակատագրի աշխարհագրությամբ՚:

ՙՄենք ուզում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ աղքատություն չի լինի, այնպիսի Հայաստան, որտեղ կոռուպցիան արմատախիլ կլինի, մարդու իրավունքներն ու ազատությունները պահպանված կլինեն՚,- նշեց տիկին Հակոբյանը` հավելելով, որ այդ նպատակներին հասնելու համար պետք է ներգրավվեն համայն հայության իրավաբանները` նպաստելով երկրի իրավական-օրենսդրական համակարգի  զարգացմանը: ՀՀ սփյուռքի նախարարը կարեւորեց նրանց մասնակցությունն այնպիսի ազգային-պետական խնդիրների լուծմանը, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Սփյուռքի համայնքներում իրավական խորհրդատվության եւ օգնության ցուցաբերումը, հայկական ունեցվածքի եւ պատմամշակութային արժեքների  իրավական ձեւակերպումը:

Ընթերցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձները եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին: ՀՀ նախագահն իր ուղերձում համոզմունք էր հայտնել, որ իրավաբաններիի համահայկական առաջին համաժողովը նոր լիցք կհաղորդի Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, հայոց պետության եւ համայն հայության շուրջ կհամախմբի հայ առաջատար իրավական միտքը եւ կուղղորդի Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համար կենսական հիմնախնդիրների լուծմանը: ՙՀամաժողովը խոստումնալից սկիզբն է այն հեռանկարային ծրագրի, որը ներառում է հայ իրավաբաննների ընկերակցության ստեղծումը, դրա շրջանակներում համազգային խնդիրների իրավական լուծումների բազմակողմանի եւ շահագրգիռ քննարկումները՚,- նշված էր ՀՀ նախագահի ուղերձում: Նա բարձր է գնահատել սյփուռքահայ իրավաբանների մասնակցությունը անկախ Հայաստանի իրավական համակարգի զարգացման գործում:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսի օրհնության խոսքում եւս կարեւորվել է  հայ իրավաբանների ընկերակցության աշխատանքը` ի նպաստ նոր կյանքը կերտող Հայրենիքի առաջընթացի եւ համազգային խնդիրների լուծման:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում համոզմունք հայտնեց, որ համաժողովը հայ իրավական մտքի զարգացման նոր սկիզբ է: Նա նշեց, որ իրավական խնդիրների թվում են հայոց աշխարհը արագ փոփոխվող ժամանակակից աշխարհի բացասական ազդեցություններից պաշտպանելը, գիտելիքի արտադրության եւ գիտելիքահենք տնտեսության զարգացման, հայ ինքնության պահպանման, անհատի ինքնադրսեւորման իրավական հիմքերի զարգացումը: Նա կարեւորեց  համաժողովում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խնդրի քնննարկումը, ինչպես նաեւ ստեղծվելիք իրավաբանների համահայկական ընկերակցության եւ համահայկական ցանցի արդյունավետ աշխատանքը:

Ելույթ ունեցան նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Իրանի եւ Հայաստանի հայ իրավաբանների միությունների ներկայացուցիչները, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հանդես եկավ ՙԻրավունքի ընկալման հայկական այբուբենը եւ ժամանակի մարտահրավերները՚ զեկուցումով:

Իրավաբանների համահայկական առաջին համաժողովն անցկացվում է ՙՍահմանադրական իրավունք՚ կենտրոնի  եւ Հայաստանի իրավաբանների միության աջակցությամբ: