Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունահայ համայնքին կոչ է անում ակտիվորեն մասնակցել համահայկական միջոցառումներին

Дата: 09.07.2009

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 8-ին ընդունեց ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի անդամներ ՙՕրոֆասմա՚ (Orofasma) ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Գոլանեանին (Kevork Kolanian), ՙԺի Էյչ Բիոտեխ՚ (JH Biotech) ընկերության մարքեթինգի մենեջեր Վահան Բեզդիկեանին (Vahan K.Bezdikian), գրող ու թարգմանիչ Սարգիս Աղապատեանին (Sarkis Aghabatian):

Հունահայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ համայնքը վերջին տարիներին համալրվել է Հայաստանից արտագաղթած հայերով: Նշվեց, որ եթե Աթենքի շրջանում գործում է երեք հայկական դպրոց, ապա Հունաստանի հյուսիսային շրջաններում այդպիսիք չկան, եւ հազարավոր հայ ընտանիքների երեխաներ զրկված են հայոց լեզու սովորելու հնարավորությունից: Խնդիրը լուծելու ուղին մեկօրյա հայկական դպրոցների բացումն է: Հունաստանի հյուսիսային շրջաններում արդեն գործում է 4 մեկօրյա դպրոց, որտեղ ուսուցումը տարվում է նաեւ արեւելահայերենով: Եւս մեկ դպրոց նախատեսվում է բացել մինչեւ սեպտեմբերի 1-ը:
 Նախարար Հ. Հակոբյանին ներկայացվեց Հունաստանի հայկական դպրոցներին անհրաժեշտ գրքերի ցանկը: Կարեւորվեց ՀՀ կառավարության կողմից Հայաստանից Սփյուռք հնարավորինս արդյունավետ եղանակներով գրքերի փոխադրման խնդրի կարգավորումը:
 Նախարարն առաջարկեց ներկայացնել Հունաստանի այն քաղաքների եւ դպրոցների ցանկը, որտեղ նպատակահարմար է բացել հայկական մեկօրյա դպրոցներ կահունական դպրոցներում դասավանդվեն հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմություն: Բացի այդ, առաջարկվեց Հունաստանում ակտիվացնել իրավաբանների, բանկիրների եւ ֆինանսիստների 2009թ. Երեւանում անցկացվելիք համահայկական համաժողվներին նախապատրաստական աշխատանքները եւ ապահովել այդ միջոցառումներին նշված ոլորտների հունահայ մասնագետների հնարավորինս առավելագույն մասնակցությունը:
 Նախարար Հ. Հակոբյանը նաեւ հորդորեց սկսել հունահայ համայնքի եւ ՀՀ սփյուռքի նախարարության ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային թերթի համագործակցությունը, ինչը կընձեռի թերթում համայնքի կազմակերպություններն ու ականավոր գործիչներին ներկայացնելու հնարավորություն: Նա ցանկություն հայտնեց, որ համայնքը 2010թ. մասնակցի նախարարության ՙԱրի տուն՚ ծրագրին: Նախարարը կոչ արեց, որպեսզի հունահայ համայնքն առավելագույնս ներկայացված լինի 2010թ. անցկացվելիք ՙՄեկ ազգ` մեկ մշակույթ՚ հերթական փառատոնին եւ տեղեկացրեց, որ նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվում, որ այդ միջոցառումն, ի տարբերություն նախորդ տարիների, անցկացվեն ամբողջ տարվա ընթացքում:
 Հունահայ համայնքի ներկայացուցիչները հավաստեցին, որ կանեն հնարավորը նախարար Հ.Հակոբյանի նշած ծրագրերի իրագործմանն աջակցելու համար:
 Անդրադառնալով համայնքի մշակութային նախաձեռնություններին` հյուրերը տեղեկացրին, որ նոյեմբերին Հունաստանում համերգներով հանդես կգա Թ.Ալթունյանի անվ. երգի-պարի պետական անսամբլը, իսկ 2010թ. մայիսին Աթենքի օպերային թատրոնում նախատեսվում է հայ երաժիշտների մասնակցությամբ բեմադրել Ալ.Սպենդիարյանի ՙԱնուշ՚ օպերան:
 Նախարար Հ.Հակոբյանը հավելեց, որ անհրաժեշտ է գտնել Սփյուռքի հեղինակավոր կազմակերպությունները որոշակի լիազորություններով օժտելու օրենսդրական լուծումներ: Այդ լիազորությունները կարող են վերաբերել Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող, սակայն հայ լինելը հավաստող փաստաթուղթ չունեցող սփյուռքահայերին համապատասխան փաստաթղթի, Հայաստանում երեխա որդեգրելու ցանկություն ունեցող սփյուռքահայերին համապատասխան հնարավորություններ ունենալու երաշխավորագրի տրամադրման և այլ հարցերին: Տիկին Հ.Հակոբյանի կարծիքով, Սփյուռքի կազմակերպություններին նման լիազորություններով օժտելը կնպաստի սփյուռքահայ-Սփյուռքի կազմակերպություն-Հայաստան կապերի ամրապնդմանը: