Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Կալինինգրադի հայ համայնքը ՌԴ-ի կազմակերպված համայնքներից է

Дата: 17.06.2009

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԴ-ի Կալինինգրադի մարզի ՙՀայ ազգամշակութային տարածաշրջանային ինքնավարություն՚ հ/կ եւ հոգաբարձուների խորհրդի պատվիրակությանը` Ֆելիքս Գեւորգյանի գլխավորությամբ: Վերջինս նախարարին ներկայացրեց պատվիրակության անդամներին, որոնց թվում են հայ գործարարներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Նշվեց, որ Կալինինգրադի մարզում ներկայումս բնակվում է մոտավորապես 15 հազար հայ, որոնց հիմնական մասը ՌԴ-ում հայտնվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Համայնքում իրականացվող հայանպաստ եւ հայապահպան միջոցառումները վկայում են, որ Կալինինգրադի համայնքը բավականաչափ կազմակերպված եւ տեղի իշխանությունների հարգանքը վայելող համայնք է: Ներկայումս համայնքում գործում է հայկական եկեղեցի, երեք կիրակնօրյա դպրոց (130 աշակերտով), պարի անսամբլ, իսկ շուտով կավարտվի Կալինինգրադի մարզի հայ մշակույթի կենտրոնի շինարարությունը: Մեր հայրենակիցներից շատերը մարզի հաջողակ գործարարներ են, ձեռներեցներ, գիտության եւ մշակույթի բնագավառի առաջատար մասնագետներ, որոնք իրենց պարտքն են համարում մշտապես հաղորդակից լինել հայրենիքին ու նրա խնդիրներին եւ ամեն կերպ նպաստել նրա առաջընթացին:

Հակիրճ ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը, նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ լավատեղյակ է Կալինինգրադի հայ համայնքի կազմակերպվածությանը, ակտիվ գործունեությանն ու գեղեցիկ նախաձեռնություններին, ինչն իսկական օրինակ կարող է ծառայել ՌԴ-ի մյուս հայ համայնքների համար: Ըստ նախարարի, շատ կարեւոր է, որ ավագների ակտիվությունը, հայի ոգին, հայրենասիրությունն  ու հայկական ավանդույթները հետեւողականորեն փոխանցվեն մատաղ սերնդին` այսօր ՌԴ-ում բնակվող հայ երեխաներին: Ուստի, նախարարը խիստ կարեւորեց կիրակնօրյա նոր դպրոցների հիմնումը եւ դրանց կապի սերտացումը Հայաստանի հետ:
Նախարարը հավաստիացրեց, որ կազմակերպված հայ համայնքները պարբերաբար կստանան ՀՀ սփյուռքի նախարարության գործուն աջակցությունը` հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում: