Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիլ Դեքերն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Дата: 09.09.2010

Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը: Նրան ուղեկցում էին երգչուհի Լեյլա Սարիբեկյանը և Գլենդելի «Էքսպրես Թի Վի» հայկական հեռուստաժամի հիմնադիր-տնօրեն Արմեն Ատոմցը: Վերջինս Դ.Դեքերի պրոդյուսերն է և ներկայացնում է երգչի բոլոր համերգներն ու ելույթները:

Դ.Դեքերն արդեն ինը տարի իր ստեղծագործություններով բարձրաձայնում է Հայոց Ցեղասպանությունը: Երգիչը «Ադանա» երգը թարգմանել է 20 լեզուներով: Ստեղծագործությունը կատարվել է անգամ թուրք երգչի կողմից: «Ադանա» երգի միջոցով բազմաթիվ օտարերկրացիներ տեղեկացան դարասկզբին իրագործված ոճրագործությանը: Դ.Դեքերը «Արաքս» երգի անզուգական կատարումով օրերս մասնակցեց «Կարոտ» փառատոնին: Նա շուտով կներկայացնի նաև իր «Հայ ընտրությամբ» նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 հայկական երգ: Ի դեպ նոր ձայնասկավառակի վրա երգիչը իր ազգանվան վերջում ավելացրել է հայկական ազգանվան «յան»-ը:

Ողջունելով հյուրին` նախարար Հ.Հակոբյանը խորին շնորհակալություն հայտնեց Դանիել Դեքերին նրա հայանպաստ գործունեության համար, ինչպես նաև Արա Գևորգյանին` ծրագիրը հաջողությամբ իրագործելու համար:

Այնուհետև շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դ.Դեքերն ասաց. «Կարծում եմ առաջին հարցը, որը շատերն ինձ կտան հետևյալն է. հայ չլինելով` ինչու իմ կյանքի 3 տարիներն անցկացրեցի սովորելով և ձայնագրելով հայկական երգեր: Պատասխանը պարզ է, բայց միաժամանակ բարդ: Ես մի քանի պատճառ ունեմ Հայաստանը սիրելու: Ինձ ոգեշնչում է Հայաստանի  մշակութային հարստությունը, երաժշտությունը, քրիստոնեական ժառանգությունը և գեղեցիկ բնաշխարհը: Բայց ամենից շատ ես սիրում եմ հայ ժողովրդին: Հայերը շատ փորձությունների ու տառապանքների միջով են անցել, բայց այնուամենայնիվ հայկական ոգին միշտ կանգուն է: Եթե չափենք Հայաստանն իր աշխարհագրական տարածքով, կարելի է ասել, որ այն փոքր է, բայց եթե չափենք այն հայի սրտի մեծությամբ, ապա այն հզոր կայսրություն է: Նոր սկավառակով ես ցանկանում եմ ոգեշնչել հայի ոգին, և հիշեցնել աշխարհով մեկ սփռված հայերին, որ իրենք շատ բաներով կարող են հպարտանալ, և որ իրենք միայնակ չեն: Ես կշարունակեմ ձեզ օգնել և ձեր կողքին կանգնել: Երկար ապրիր Հայաստան և օրհնի Աստված այն երկիրը, որտեղ որ Նա մարդկությանը տվեց 2-րդ հնարավորությունը»: Ավարտելով խոսքը` Դեքերը մի քառատող կատարեց «Արաքս» երգից:

Տիկին Հ.Հակոբյանը հայկական երգարվեստի կատարման և տարածման համար Դանիել Դեքերին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: