Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 10-րդ նիստը

Дата: 30.11.2009

ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստի օրակարգում էին ՀՀ սփյուռքի նախարարության` 2010թ. աշխատանքային ծրագրի մասին, օտարերկրյա պետությունների հայկական համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի գործունեության կարգի, ՙՄեր մեծերը՚ ծրագիրը 2010թ. կազմակերպելու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կողմից ՀՀ սփյուռքի նախարարության իրականացված պետական պատվերի մասին հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարության 2010թ. աշխատանքային ծրագրի մասին զեկույցով հանդես եկավ գերատեսչության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը: Ըստ ՀՀ կառավարության 30.04.2009թ. N18 արձանագրային որոշման` հաստատվել է աշխատանքային ծրագրերի կազմման եւ կատարողականների գնահատման ուղեցույցը, որով սահմանվում են ՀՀ նախարարությունների, դրանց կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաեւ` քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքային ծրագրերի կազմման, կատարման արդյունքներով կատարողականների գնահատման սկզբունքները եւ կատարողականների գնահատման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Կատարողականների գնահատման նպատակն է նախարարության կողմից հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացման ապահովումը:
ՙՕտարերկրյա պետությունների հայկական համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի գործունեության մասին՚ կարգի վերաբերյալ զեկույցում նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը նշեց, որ խորհրդականների նշանակումը կատարվում է ըստ տարածաշրջանների, ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով: Ըստ մշակված կարգի` խորհրդականը տվյալ տարածաշրջանի համայնքում ձեւավորում է ՀՀ սփյուռքի նախարարության բարեկամների խորհուրդ (խումբ), որի կազմում ընդգրկվում են կամավոր ձեւավորված հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ:
Խորհրդականն աշխատում է հասարակական հիմունքներով եւ բարեկամների խորհրդի հետ աշխատանքներ է տանում Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրերի, նախարարության ձեռնարկած աշխատանքների իրականացման ուղղությամբ:
2009թ. ՀՀ սփյուռքի նախարարության պետական պատվերով եւ աջակցությամբ ՀՀ ԳԱԱ ինստիտուտը հրատարակեց ՙԱկնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության՚ մատենաշարի անդրանիկ հատորը` ՙՔաջազի մոգական կանթեղը՚ աշխատության անգլերեն եւ հայերեն լեզուներով գիրքը: Գրականության ինստիտուտի տնօրեն, արվեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հեղինակած գիրքը նվիրված է անվանի սփյուռքահայ, ԱՄՆ-ում ապրած եւ ստեղծագործած նկարիչ Քաջազին (Քաջազունի Քեչեճյանին):
Իրականացվեց սփյուռքահայ անվանի գործիչներ, ազգանվեր հայորդիներ, ՀՀ ազգային հերոսներ Ալեք Մանուկյանի, Քըրք Քրքորյանի, Շառլ Ազնավուրի եւ Վազգեն Վեհափառի հայրենանվեր կյանքին եւ գործունեությանը նվիրված ՙՄեր մեծերը՚ խորագրով մեծարման ծրագիրը, որի շրջանակում Երեւանում եւ ՀՀ մարզերում կազմակերպվեցին հարյուրավոր միջոցառումներ:
Ատյանի 10-րդ նիստում քննարկվեց եւ որոշվեց 2010թ. նույն ծրագրով նախատեսված մեծարվող գործիչների անունները` Միսաք Մանուշյան, Մխիթար Սեբաստացի, Լեւոն Շանթ, Պողոս Նուբար, Վարդգես Սուրենյանց:
ՙՄեր մեծերը՚ խորագրով ծրագրի լավագույն միջոցառումների տեսագրությունների հիման վրա` ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է էլեկտրոնային եւ տպագիր նյութերի թողարկում, որի արդյունքում ճանաչողական նշանակության այդ տեսասկավառակները կբաշխվեն Սփյուռքի հայկական կրթօջախներին:
Ատյանն անդրադարձավ ս/թ դեկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվելիք քաղաքացիական ծառայողների երդման հանդիսավոր արարողությանը: Գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանն ատյանի անդամներին հրավիրեց ներկա գտնվելու միջոցառմանը: