Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ` ՆՎԻՐՎԱԾ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ

Дата: 11.11.2009

Նոյեմբերի 11-ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դահլիճում իր աշխատանքները սկսեց Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակին նվիրված համահայկական գիտական նստաշրջանը: Նստաշրջանի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Երեւանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը, Հայաստանի գրողների միությունը:

Հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին գիտնականներ,
գրականագետներ, վարուժանագետներ: ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով ներկա էր նաեւ ֆրանսահայ վարուժանագետ դոկտոր Գրիգոր Պըլտյանը:
  ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց նման գիտաժողովների կազմակերպումը, ընդգծելով, որ դրանք լավ առիթ են եւս մեկ անգամ գնահատելու մեծերի թողած ժառանգությունը, նոր էջեր գտնել նրանց ստեղծագործություններում:    
 ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, շնորհավորելով ներկաներին հայ մեծանուն գրող Դանիել Վարուժանի 125-ամյակին նվիրված գիտաժողովի մեկնարկի առթիվ, ընդգծեց, որ այն իրականցվում է 2009թ. կառավարության` հոբելյանական հանձնաժողովի, որոշման շրջանակներում: Կարեւորելով Դանիել Վարուժանի գրական հարուստ ժառանգությունը հայ գրականության զարգացման գործում եւ նրա ստեղծագործությունների հայապահպան եւ հայեցի դաստիարակության առաքելությունը, Ս. Պետրոսյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն իր առջեւ նպատակ է դրել` օժանդակել, որպեսզի հայ մեծ գործիչներին, գիտնականներին նվիրված հոբելյանական միջոցառումները համահայկական դառնան: Դանիել Վարուժանի 125 ամյակն ըստ արժանվույն նշելու առաջարկով նախարարությունն արդեն դիմել է Սփյուռքի հայկական կրթօջախներին եւ այդ նպատակով նրանց ուղարկել անհրաժեշտ նյութեր: ՙԱյդպիսի միջոցառումները կնպաստեն մեր ժողովրդի տարբեր հատվածների միջեւ մշակութային կապերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը՚, - նշեց փոխնախարարը:   
 ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ Դանիել Վարուժանը մեր գրականության ամենաներկայանալի դեմքերից մեկն է եւ դասականների բազմաձայնության մեջ այն բացառիկը, ով եւ' իր գործով, եւ' իր խոսքով եւ եւ' իր կյանքով լիովին մխրճվել է իր ժողովրդի ճակատագրի մեջ:  ՀԳՄ նախագահը նշեց, որ Դ. Վարուժանն իր ստեղծագործության միջոցով կարողացել է անհատական, մարդկային տառապանքը հասցնել համազգայինի եւ  ազգային տառապանքը` համամարդկային տառապանքի:  ՙՄեզ մնում է միայն իրականություն դարձնել նրա բերկրանքի, արդարության, հայրենասիրության երազները եւ անվերջ հնչեցնել նրա պոեզիան՚, - եզրափակեց Լ. Անանյանը:    
 Նստաշրջանին Դ. Վարուժանի ստեղծագործություններին նվիրված զեկույցներով հանդես եկան բ.գ.դ., պրոֆեսոր Վ Գաբրիելյանը, բ.գ.դ.  Վ,. Կիրակոսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Դանիելյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Մուրադյանը, դոկտոր Գրիգոր Պըլտյանը, բ.գ.թ. Վ. Դեւրիկյանը,  բ.գ.թ., դոցենտ Ս. Սրապիոնյանը, ասպիրանտ Ա. Խառատյանը:
 Հոբելյանական նստաշրջանը եզրափակվեց ԵՊՀ մշակութային կենտրոնում` Դանիել Վարուժանի կյանքին եւ գործունեությանը նվիրված թատերական ներկայացմամբ: