Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը

Дата: 29.09.2009

Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստում քննարկվեց ՀՀ սփյուռքի նախարարության 2010 թվականի ծրագրային բյուջեի նախագիծը:

Ըստ նախագծի, 2010թ. բյուջեով նախատեսվում է իրականացնել համայկական 4 համաժողով` Հայաստանի ԲՈՒՀ-երի սփյուռքահայ շրջանավարտների, ֆինանսիստների, ինչպես նաեւ ՙՀայ ինքնության պահպանումը խառն ամուսնություններում՚, ՙԱրեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում՚ թեմաներով: Կշարունակվեն նաեւ ՙԱրի տուն՚ եւ ՙՄեր մեծերը՚ խորագրով միջոցառումները: 2010-ի բյուջեից հատկացումներ կարվեն ՀՀ սփյուռքի նախարարության կայքի սպասարկման, ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային թերթի հրապարակման եւ ՙՍփյուռք՚ տարեգրքի հրատարակման համար:  Նախատեսվում է Սփյուռք-Հայրենիք գործակցության թեմաներով ֆիլմաշարերի, տեսահոլովակների եւ հեռուստահաղորդումների պատրաստում եւ հեռարձակում, էլեկտրոնային գրադարանի ստեղծում, արեւելահայերենից արեւմտահայերեն եւ հակառակը փոխարկչի ծրագրի սպասարկում, տվյալների բազայի ընդլայնում, ինչպես նաեւ կարվեն Սփյուռքի համայնքների պատմության թեմատիկ ուսումնասիրություններ, կիրականացվեն ՙՀայաստան-սփյուռք՚ թեմատիկ տեսակոնֆերանսներ եւ այլն:
ՀՀ սփյուռքի նախարարությանը տրամադրված բյուջեից հատկացումներ կտրամադրվեն նաեւ կրթամշակութային ծրագրերի իրականացման համար: Այսպես. աջակցություն կցուցաբերվի Լատինական Ամերիկայի հայ համայնքներում կրթամշակութային ծրագրերի իրականացման, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնին` մագիստրանտներ պատրաստելու, Սփյուռքի համայնքներին ուսումնական եւ հանրամատչելի գրականության եւ ՀՀ խորհրդանիշերի առաքման նպատակով:  Աշխատանքներ կտարվեն համայնքների հետ, աջակցություն կցուցաբերվի Սփյուռքում դպրոցների ստեղծման, համայնքների կազմակերպման, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ իրականացնելու համար:
Նախատեսվում է անցկացնել մրցանակաբաշխություն` հայաստանցի եւ սփյուռքահայ տարբեր մասնագիտություններից` անհատների, ուսուցիչների, աշակերտների, ընտանիքների, լրագրողների միջեւ:
Բյուջեում նախատեսված են հատկացումներ նաեւ հայ բարերաների ճեմուղու հիմնադրման, աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին  նվիրված հուշակոթողների մանրակերտերի պատրաստման, ինչպես նաեւ ՙԱզգային խորհրդի՚ ձեւավորման նպատակով համահայկական համաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների համար:
Ատյանը որոշեց առաջարկություն ներկայացնել Երեւանի պետական համալսարանում ՙսփյուռքագիտությունը՚ որպես առանձին մասնագիտություն հաստատելու համար:
Ատյանի նիստի շրջանակներում ՀՀ սփյուռքի  նախարության 1 տարվա աշխատանքի արդյունքները ամփոփելով` նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախարարությունը կայացել է, եւ նախարարության աշխատակազմում հավաքվել են իրենց գործի նվիրյալներ: