Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Դոնահայությունը նշեց հայկական բնակավայրերի հիմնման 230-ամյակը

Дата: 07.09.2009

Դոնի տարածաշրջանում հայկական բնակավայրերի հիմնադրման 230-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 4-5-ը Ռոստովի մարզ էր մեկնել հայաստանյան պատվիրակությունը` ՀՀ սփյուռքի նախարար տեղակալ Ստեփան Պետրոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Արարատի փոխմարզպետ Կառլեն Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Հանդիսությունները մեկնարկեցին շրջկենտրոն Չալտիր  գյուղում` հանդիսավոր եւ թատերականացված հավաքով: Պարոն Պետրոսյանը ՀՀ սփյուռքի նախարարության անունից ջերմորեն ողջունեց մեր հայրենակիցներին, որոնց նախնիները, տեղափոխվելով Ղրիմի թերակղզուց, հիմնել են հայկական բնակավայրեր, չեն մոռացել ոսկեղենիկ մայրենին եւ կարողացել են պաշտպանել ազգային մշակույթն ու սովորույթները: Ներկայումս շրջանում կա 5 հայաբնակ գյուղ, որտեղ բնակվում են շուրջ 20 000 հայեր, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ:
Մյասնիկյանի շրջանի հայ բնակչությանը ողջունելու էին եկել նաեւ Դոնի Ռոստովի մարզի նահանգապետի տեղակալը, Դոնի Ռոստովի քաղաքապետն, ինչպես նաեւ` հարեւան շրջանների ներկայացուցիչներ:
Չալտիր գյուղի Սուրբ Համբարձում եկեղեցում մատուցվեց հանդիսավոր պատարագ: Տեղի ունեցան գրական խմբերի համերգներ, կազմակերպվել էր կիրառական արվեստի վարպետների ստեղծագործությունների ցուցահանդես: Հանդիսությունների շարքը եզրափակվեց ուշ երեկոյան գեղեցիկ հրավառությամբ:
Պատվիրակության անդամներն այցելեցին շրջանում գործող 3 եկեղեցիները եւ շրջկենտրոնի ազգագրական թանգարանը, որտեղ մանրամասն ներկայացված է 18-րդ դարի վերջում Ղրիմի թերակղզուց Դոնի տարածաշրջանում հայերի վերաբնակեցումը, ինչպես նաեւ Դոնի հողի վրա հայ համայնքի երկդարյա կյանքն ու գործունեությունը:
Մյասնիկովյան վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Անոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին հայկական համայնքի հետ կապված խնդիրներ, հայրենիքի հետ ավելի ակտիվ համագործակցության ուղիներին վերաբերող մի շարք հարցեր: Մանրամասն ներկայացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
Այնուհետեւ փոխնախարարը հանդիպեց ՙՆոր Նախիջեւան՚ հայկական համայնքի խորհրդի անդամների հետ: Ծանոթացնելով ներկաներին ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը եւ վերջերս ընդունված Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային դրույթներին` պարոն Պետրոսյանն վերջիններիս առաջարկեց ավելի ակտիվ մասնակցել գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերին, նա պատասխանեց նաեւ վարչության անդամներին հուզող մի շարք հարցերի: Ներկաներին մասնավորապես մտահոգում էին երկքաղաքացիության դրույթներին վերաբերող խնդիրները, Հայաստանում ներդրումների հնարավորություններին, տեղի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, տուրիզմի զարգացմանը, համայնքի դպրոցներն ուսումնաօժանդակ եւ մեթոդական նյութերով ապահովելու հիմնահարցերը:
 Ավելի քան երկդարյա պատմություն ունեցող, բայց հայի ակունքներին հավատարիմ մնացած Ռոստովի մարզի հայ համայնքը ոգեւորված է ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման փաստով, նախանշած ծրագրերով եւ արդեն իսկ իրականացվող աշխատանքներով: