Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Սուրբ Մաշտոցի շիրիմին դրված ծաղիկներն աշխարհաբույր էին

Дата: 31.07.2009

Նախավերջին օրը` հուլիսի 29-ը, ՙԱրի տուն՚ ծրագրի առաջին մասնակիցների համար հագեցած էր եւ ուներ հիշարժան դառնալու բոլոր նախապայմանները:

Պետք էր անցնել ծրագրով նախատեսված Օշական, Մուղնի, Աշտարակ երթուղին, մանրամասն ծանոթանալ տեղի կոթողներին, եկեղեցիներին ու հուշարձաններին:
Մինչ այդ Երեւանի N168, 43, 78 դպրոցներում անցկացվում էին ՙՀայրենագիտություն՚ առարկայի վերջին ժամերը:
Հուզված էին եւ ուսուցիչները, եւ աշակերտները:
 N168 դպրոցի սաներն ամփոփեցին նախորդ դասաժամերին անցածը. վերհիշեցին Հայոց պետականության բոլոր մայրաքաղաքները, նրանց աշխարհագրական վայրը, թվարկեցին հայոց լեզվի զարգացնան փուլերը, արտասանեցին տերունական աղոթքը` ՙՀայր մերը՚, իսկ վերջում դիտեցին քաղաքամայր Երեւանի մասին պատմող մի տեսաֆիլմ: 
Այնուհետեւ դպրոցի տնօրենը երեխաներին բաժանեց մայրաքաղաքի օրհներգի ՙԷրեբունի Երեւան՚ երգի բառերը եւ բոլորը միասին կատարեցին երգը:
 Այս 14 օրերի ընթացքում ուսուցիչներն ու սաները հասցրել էին բարեկամանալ, բարեկարգ դպրոցի ջերմ գրկում զգալ մեսրոպյան հայերենի զորությունը:
Եվ ահա, այս հոգեւոր զարթոնքի մյուս լավագույն ազդակ  կարող էր լինել թերեւս միայն Սուրբ Մաշտոցի շիրիմը տեսնելը:
Ժամը 11:45  մասնակիցներն արդեն Օշականի ճանապարհին էին:
Արագածոտնի մարզի բնակիչները` փոխմարզպետ Անդրանիկ Մելոյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանի եւ կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանի գլխավորությամբ, իրենց բնորոշ ջերմությամբ` աղուհացով եւ ազգային երգուպարով, ընդունեցին հյուրերին:
Թուրքիայից ժամանած Լեթիսիան եւ Քարոլինը հետաքրքրվում էին.ՙԻրա՞վ է, որ սա տեղ Սուրբ Մաշտոց կհանգչի՚:
Եկեղեցու քահանան մանրամասն պատմեց հայ գրերի գյուտի, եկեղեցու ստեղծման պատմությունը, իսկ երբ երեխաները դուրս եկան եկեղեցու բակ, այնտեղ նրանց սպասում էր մարզի ՙՍասունիկ՚ ազգագրական պարային համույթը եւ ուղեկցող նվագախումբը: Պարելով հայկական քոչարին, մեկ բռունցք դառնալով` Աշտարակի բնակիչները նաեւ առիթ ունեցան ցուցադրելու իրենց տարածաշրջանի պարային առանձնահատկությունները:
ՙԱրի տուն՚ ծրագրի  մասնակիցներն իսկապես իրենց տանն էին: Եկեղեցուն կից թոնրատանը նրանք մասնակցեցին հայկական լավաշի պատրաստման արարողությանը, իսկ հետո իրենց ձեռքերով դուրս բերեցին տաք-տաք լավաշները եւ խաղողի այգում բացված սեղաններին դնելով` ուրախ սեղան նստեցին:
Ողջունելով հյուրերին` փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը` այս աննախադեպ եւ առաջին հայացքից անիրականանալի թվացող ծրագիրը կյանքի կոչելու համար: Պարոն Մելոյանը նշեց, որ ամբողջ Արագածոտնի մարզը թանգարան է բաց երկնքի տակ` իր հին ու նոր կոթողներով, պատմեց մարզի քաղաքների, գյուղերի մասին:
Երիտասարդ պարմանիներն ու պարմանուհիները եղան նաեւ ՙԿարմրավոր՚ (7-րդ դար) եւ ՙՍպիտակավոր՚(14-րդ դար) եկեղեցիներում:
Այնուհետեւ մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի տղաներն ու աղջիկները` Հայաստան եկած մեր հայրենակիցներին ուղեկցեցին ձիարշավարան:
Երեւան վերադարձի ճանապարհին նրանք եւ երգում էին, եւ արտասվում:
Հայրենիքը նրանց մեջ էր խոր, այլեւս իրական, շոշափելի գոյությամբ` տաք լավաշի բուրմունքով, Մուղնի գյուղի խաղողի վազերով ու ողկույզներով: