Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԱՏՅԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ

Дата: 31.07.2009

ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական` հուլիսի 31-ի նիստի օրակարգում քննարկվեցին ՙՀայրենադարձության գործընթացին խթանող ծրագրի՚ նախագիծը, ինչպես նաեւ 2009 թ. առաջին կիսամյակում քաղաքացիների կողմից ՀՀ սփյուռքի նախարարությունում ստացված գրություններին, նախարարության մեկամյակին նվիրված միջոցառումներին, ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր:

Սկզբում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ ավարտվեց ՙԱրի տուն՚ ծրագրի առաջին երկշաբաթյա փուլը: Դրա եզրափակիչ միջոցառումը` հրաժեշտի երեկոն, անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նիստի մասնակիցներից շատերը հավաստեցին, որ ՙԱրի Տուն՚ ծրագրի առաջին փուլը հաջողությամբ է անցել եւ նպաստել ինչպես Հայրենիք-Սփյուռք, այնպես էլ Սփյուռքի տարբեր համայնքների միջեւ կապերի զարգացմանը:
 Հիմք ընդունելով  Հանրապետության Նախագահի եւ ՀՀ կառավարության ծրագրերում հայրենադարձությունը` իբրեւ պետական քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ դիտարկելու փաստը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համար ժողովրդագրական եւ հանրապետության տարածքային-ռազմավարական խնդիրների լուծման նպատակով հայրենադարձության կարեւորությունը` ՀՀ սփյուռքի նախարարությունը  վերամշակել է  հայրենադարձության գործընթացը խթանող ծրագրի մշակումը:

 Նախագիծն ընդգրկում է Հայրենադարձության բարդ եւ բազմափուլ գործընթացում առկա հիմնախնդիրները` ներառելով Հայրենիքի եւ Սփյուռքի համատեղ հետեւողական աշխատանքը, այդ թվում` հայրենադարձների ամբողջական ինտեգրումը Հայաստանի հասարակական, քաղաքական, մշակութային եւ սոցիալ-տնտեսական կյանքին:
 Հայկական ինքնության, ուծացման գործընթացից սփյուռքահայության տարբեր հատվածները պաշտպանելու եւ նրանց Հայրենիք վերադարձնելու առումով հայրենադարձությունն, ընդհանուր առմամբ, հանդիսանում է հայապահպանության գրավական, ուստի ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի անդամները որոշում ընդունեցին հիմք ընդունել մշակված փաստաթուղթը` ՙՀայրենադարձության գործընթացին խթանող ծրագրի՚ նախագիծը:

 ՙՀայրենադարձության գործընթացին խթանող ծրագիր՚-ը բաղկացած է հետեւյալ բաժիններից.
1. Հայրենադարձության գործընթացի կազմակերպման փուլերը եւ կառուցակարգերը,
2. Հայրենադարձների ինտեգրման հիմնահարցերը եւ դրանց լուծման ուղիները,
3. Հայրենադարձության մասին ՀՀ օրենքի նպատակը, խնդիրները եւ սկզբունքները:
 Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր 2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքներին` Հայաստանի եւ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությանը, նրանց առաջարկություններին, դիմումներին եւ բողոքներին: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Գայանե Մխիթարյանի, 08.01.2009- 01.07.2009 ընկած ժամանակահատվածում նախարարություն ստացվել են ամենատարբեր բնույթի 899 առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ, որոնցից 671-ը ՀՀ, իսկ  228-ը օտարերկրյա քաղաքացիներ են: Ստացված բոլոր գրություններին տրվել է համապատասխան ընթացք:
 Ատյանի անդամների ուշադրությանը ներկայացվեց նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության մեկամյակին նվիրված միջոցառումների ցանկը: Այն ներառում էր ՀՀ սփյուռքի նախարարության մեկամյա գործունեությունը ներկայացնող  ամենատարբեր միջոցառումներ` մամուլի ասուլիս, կլոր սեղան, ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային թերթի հատուկ համարի թողարկում, ՙՀայրենիք-Սփյուռք՚ գործակցության վերաբերյալ պաշտոնական նյութերի ժողովածուի հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակում, շնորհանդեսի կազմում եւ այլն:
 Օրակարգի հաջորդ հարցն առնչվում էր ՙՄեկն ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամի ծրագրերին: Հիմնադրամն իր  նպատակներին համահունչ Հայաստանում եւ Սփյուռքում իրականացրել է նախնական աշխատանքներ 2010թ. ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ փառատոնը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Անհրաժեշտություն համարվեց կազմակերպել եւ աջակցել մշակույթի բնագավառի մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման, տեղեկատվական շտեմարանների եւ ցանցի ստեղծմանը, ՀՀ-ում մշակութային զբուսաշրջության զարգացման աշխատանքները: Ներկայացվեց նաեւ  ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամի իրականացրած ծրագրերի, ինչպես նաեւ 2009թ-ի երկրորդ կիսամյակի եւ 2010 թ. նախատեսված միջոցառումների ցանկերը: