Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՏՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Дата: 24.06.2009

Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության ատյանի (կոլեգիա) հերթական նիստը, որը ղեկավարում էր նախարար Հրանուշ Հակոբյանը:

Министерство Диаспоры АрменииՆախարարն ատյանի անդամներին  ներկայացրեց նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքը, արդեն կատարված աշխատանքները:
 Նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, աշխատակազմի ղեկավար Արտակ Զաքարյանը:
ՙՍփյուռքի հայկական դպրոցների կրթադաստիարակչական խնդիրների լուծման աջակցության` այդ դպրոցներ դասագրքերի, ձեռնարկների, մեթոդական նյութերի առաքման ծրագրի մասին՚ ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին հարցի վերաբերյալ զեկուցման մեջ տեղեկացվեց, որ Սփյուռքի երեք տասնյակից ավելի երկրներում գործում են մոտ 400 ամենօրյա եւ 700 միօրյա դպրոցներ եւ հայ երեխաների միայն 5-10 տոկոսն է ընդգրկված այդ դպրոցներում: Իսկ դա նշանակում է, որ սփյուռքահայության ազգային, լեզվամշակութային ինքնությունը գնալով թուլանում է, որն ուղղակիորեն տանում է Սփյուռքի ուծացման: ՈՒստի, անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել մի շարք կրթական ծրագրեր, որոնք հնարավորինս կօժանդակեն Սփյուռքի հայկական դպրոցների կրթադաստիարակչական խնդիրների լուծմանը, եղած դպրոցների պահպանմանը, նոր մեկօրյա դպրոցների ստեղծմանը, դրանցում ուսուցման մակարդակի բարձրացմանը, դասագրքերով եւ ուսումնաօժանդակ նյութերով դրանց ապահովմանը: Դա կիրականացվի ՀՀ պետական բյուջեյի միջոցների հաշվին: 2010-2012թթ. ընթացքում, ամեն տարի արտերկրի հայկական կրթօջախներ կառաքվեն 20 հազար դասագրքեր, ուսումնամեթոդական եւ ուսումնաօժանդակ նյութեր:
Ատյանի անդամներին քննարկմանը ներկայացվեց ՀՀ սփյուռքի նախարարության պարգեւների եւ մրցանակների համակարգը` անհրաժեշտ հիմնավորումներով:  Ծավալված քննարկումների արդյունքում, որոշվեց հավանություն տալ համակարգի առաջարկվող տարբերակին եւ սահմանել  ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, ՙՎիլյամ Սարոյան՚, ՙՊողոս Նուբար՚, ՙԿոմիտաս՚, ՙԱրշիլ Գորկի՚ մեդալներ, որոնք ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով կշնորհվեն Հայաստան- Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում ակնառու ներդրումներ ունեցող անհատներին եւ կազմակերպություններին: Սահմանվում է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր, պատվո դրոշ եւ շնորհակալագիր: Ատյանն իր հավանությունը տվեց նախարարության առաջարկած համակարգի` ներկայացված  տարբերակին:
 ՀՀ սփյուռքի նախարարությունը ամենամյա մրցանակաբաշխություն կանցկացնի լրագրողների, լրատվամիջոցների համար:  Տարբեր անվանակարգերում  ՀՀ սփյուռքի նախարարության մրցանակներին կարժանան Հայաստանում եւ Սփյուռքում գործող այն ԶԼՄ- ները, խմբագիրները, լրագրողները, մեկնաբանները, ռեժիսորները, օպերատորները, լուսանկարիչները, ստեղծագործական խմբերը, որոնք լավագույնս կլուսաբանեն  Հայաստան- Սփյուռք գործակցության, Սփյուռքի համայքների խնդիրները, սփյուռքահայերի կյանքը, սփյուռքյան կառույցների գործունեությունը: 
ՀՀ սփյուռքի նախարարության Ատյանի նիստում հաստատվեց մրցանակաբաշխության անցկացման կարգը եւ որոշվեց  մրցանակաբաշխության մասին հայտարարությունը եւ կանոնակարգը հրապարակել Հայաստանի եւ Սփյուռքի ԶԼՄ- ներում:
Ատյանի նիստում նախարարության կիսամյակային ծրագրերի կատարման հաշվետվությամբ հանդես եկավ աշխատակազմի ղեկավար Ա. Զաքարյանը, որն ընդունվեց ի գիտություն: